Ուսումնական առաջին օրը Միջին դպրոցում

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական եռուզեռ էր: Երգն ու պարը, ժպիտները,ջերմ խոսքերը,  երեխաների հետաքրքրությունից վառվող աչքերը ողջ օրը թևածում էին կրթահամալիրի պատերի ներսում: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սովորողները խմբերով իրենց պատասխանատուների հետ վերջնական ճշտումներ  էին անում ցուցակներում, ծանոթանում բլոգային ուսուցման առանձնահատկություններին: Շատ հետաքրքիր ու բովանդակալից պարապմունք ունեցան սուսերամարտի պարապմունքի ժամանակ: Չդիմացա, ու մի խաղի էլ ես մասնակցեցի… Օրվա ավարտին սովորողները «գտան» իրենց երթուղայիններն ու ուղևորվեցին տուն՝ իրենց հետ տանելով բազում հույզեր և տպավորություններ:

Բնապահպանական բաց դաս Սևանի ափին

Միջին դպրոցի «Մուտքի» ճամբարականները Սևանի «Ժայռ» լողափում էին… Նրանց հետ զրուցեցինք Սևանա լճի և նրա ավազանի ֆիզիկաաշխարհագրական դիրքի և բնապահպանական հիմնախնդիրների մասին: Ճամբարականները հետաքրքրությամբ էին լսում Սևանի խնդիրների մասին և տարաբնույթ հարցեր տալիս: Հատկապես մեծ էր ոգևորությունը  Սևանի էկոլոգիական վիճակի, շահագործվող հանքավայրերի, հնարավոր լուծումների, ինչպես նաև Սևանի ավազանի հանքային ջրերի պահպանության թեմաների մասին խոսելիս: Ճամբարականները բավականին ակտիվ էին,ոմանք լավ տեղեկացված էին և ունեին իրենց ձևավորված տեսակետը տարբեր հարցերի շուրջ: Ճամբարը հրաշալի միջոց էր երեխաներին թե միմյանց ինտեգրելու, թե կրթահամալիրի առօրյային ծանոթացնելու համար:

Ուսումնական նախագիծ « Բուսական պատրաստուկներ»

     Նախագծի նպատակը՝ ճամբարականներին ծանոթացնել բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ օգտագործվող բուսական պատրաստուկների հետ, որոնք փոխարինում են արհեստական թունաքիմիկատներին և պատրաստվում են տարբեր բույսերի վեգետատիվ և գեներատիվ օրգաններից:

   Նախատեսված է  ավագ դպրոցի ճամբարականների համար

Իրականացման տևողությունը՝  19-21 օգոստոսի

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`ճամբարականները կտեղեկացվեն արհեստական թունաքիմիկատների և պարարտանյութերի բացասական հետևանքների մասին և կսովորեն կիրառել բուսական պատրաստուկները՝ որպես անվտանգ միջոցներ, գյուղատնտեսության մեջ:

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ուսումնական Ագարակ

Անհրաժեշտ գործիքները, նյութերը՝   երիցուկի, լոլիկի, կարտոֆիլի, սխտորի կանաչ կամ չորացված զանգված, դույլ, ջուր, մկրատ, թուղթ և գրիչ:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Օր 1. օգոտոսի 19- ճամբարականների հետ կանցկացվի զրույց թունաքիմիկատների և պարարտանյութերի մասին, ընթացքում նրանք կուղղեն իրենց հետաքրքրող հարցերը թեմայի վերաբերյալ: Նրանք կստանան տեղեկատվական թերթիկներ բուսական պատրաստուկների վերաբերյալ:

Օր 2. օգոստոսի 20- կպատրաստենք բուսական լուծույթները, կքամվեն և տարաներով պատրաստ  կլինեն օգտագործման:

Օր 3. օգոստոսի 21- Ուսումնական Ագարակում կփորձակվեն բուսական պատրաստուկները պտղակերների, լվիճների և այլ վնասատուների դեմ:

Արդյունքները կամփոփվեն և տեսանյութի ձևով կհարապարակվեն բլոգում:

Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքի նախաբանի առանձնացված դրույթները

Երեխաները հատկապես մինչև դպրոց ընդունվելն են լավագույն ձևով սովորում:

   Իհարկե այս հարցը շատ վիճելի հարց է, բայց բազմաթիվ օրինակներ փաստում են, որ դա այդպես է:Ես ճանաչում եմ 4 տարեկան տղայի, որ շատ մաքուր խոսում է ռուսերեն, մինչդեռ տանը ոչ ոք չի խոսում ռուսերեն:

Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին:

Ուսուցման գործընթացում անհնար է շարժվել նախօրոք գծված պլանով, կարելի է միայն ուրվագծել այն:

Ինձ համար աշխարհում ամենագրավիչ զբաղմունքներից մեկը նորածիններին և երեխաններին նայելն է, թե նրանք ինչպես են հետազոտում շրջակա աշխարհը և իմաստ փնտրում:

Իհարկե անվերջ կարելի դիտել նրանց, և հսակայան ինֆորմացիա ստանալ նրանց վարքից: Ավելի քանի ցանկացած այլ մեթոդ օգտագործելիս:

Միայն երեխաներին սիրող, հարգող ու վստահող մեծերի ներկայությամբ  երեխաները կարող են ամեն ինչ սովորել, ինչին ընդունակ են սովորելու կամ կցուցադրեն, թե ինչ են սովորում:

    Վախի և լարվածության մթնոլորտում նույնիսկ մեծերը չեն ցուցադրում այն ինչ գիտեն, իսկ երեխաները հատկապես փակվում են «ոզնու» նման:

Վերջիվերջո մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է և այդպիսին կմնա միշտ:

  Միանշանակ դեռ շատ տարիներ կպահանջվեն,երկար ուսումնասիրություններ կարվեն և մի գուցե հնարավոր էլ չլինի ամբողջությամբ բացահայտել մարդկային մտածողությունը:

Մուտքի ճամբար. ահա և վերջ

Ամեն լավ բանի վերջ  յուրահատուկ նորի սկիզբ է: Տպավորություններն ինչպես միշտ վառ և աննկարագրելի էին:  Պարզապես հրաշալի է, երբ կրթահամալիրում  անցակացրած ամեն պահը լեցուն է և բովանադակալից: Ուզում ես ոչ մի պահ բաց չթողնել՝ մտածելով վերցնել այն ամենն ինչ քեզ տալիս են: Մեր անցուդարձը կից ֆոտոշարքում:

Մուտքի ճամբար

    Մուտքի ճամբարի հերթական օրը սկսեցինք ագարակում: Չնայած կիզիչ արևին, մեծ խանդավառությամբ վազվզում էինք մի ծայրից մյուսը՝ աշխատանքը զուգորդելով երգ ու պարի հետ: Նույն եռանդով շարունակեցինք օրը ընկեր Մարինեի հետ՝ ազգային երգ ու պար սովորելով: Ամեն անգամ հիանում եմ ընկեր Մարինեի նրբանկատությամբ, ջանասիրությամբ և  համեստությամբ: Շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք ընկեր Մարիետի հետ: Դե, իսկ ընկեր Տաթևի լուռ, խոհուն հայացքը, մեղմ ու հանգիստ բնավորությունը ապահովվում է մեր ճամբարային  օրերի  արդյունավետությունը:

Սմբատաբերդ

Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Այս ամուր բերդը չի կարողացել գրավել նույնիսկ Նըսր արաբ զորավարը, 10-րդ դարի սկզբներին։
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի:  Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:  Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Սմբատաբերդը, շնորհիվ բացառիկ դիրքի, իր կարևորությունը  պահպանել է նաևնորագույն շրջանում, երբ Վայոց ձորի ժողովուրդը  կենաց մահու կռիվ էր մղում դարավոր ոսոխների` օսմանյան զորքերի և նրանց մոտենալուց ոգևորված հենց իր հողում բնավորված դրկից թշնամիների դեմ։ 1918թ. մարտ ապրիլ ամիսներին, թշնամին դիրքավորվելով Սմբատաբերդում,  գրեթե մեկամիս շուրջօրյա կրակի տակ էր պահում բերդի ստորոտում  գտնվող հայաբնակ Էրդափին(հին և Ներկա անունը` Արտաբույնք)  գյուղը։ Հիշարժան է, որ Անթառամ անունով մի գեղջկուհի գիշերային հանդուգն հարձակում կազմակերպելով`  կարողանում է թուրքերից հետ խլել բերդը և վերջ է տալիս գյուղի շրջափակմանը։ 2006 2007թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են  վերականգնման աշխատանքներ:

Օգտագործված աղբյուրներ՝ https://www.armgeo.am/smbataberd_fortress/ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4

Նյութը կազմեցին՝ Տաթևիկ Հովհաննիսյանն ու Տաթևիկ Թովմասյանը

Ապագայի քաղաք

Անվանումը՝  Ապագայի  քաղաք ենք կառուցում

Նպատակը՝ Սովորողների մոտ ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում, ինչպես նաև աշխարհագրական գործոնների և կառուցապատման  աշխատանքների համապատասխանեցում:

Խնդիրները՝ առաջ մղել գաղափարները, որոնց մասին  սովորողները  կարող է երբեք չբարձրաձայնեն:

Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ

Տևողությունը՝ 1 կամ  2 դասաժամ

Անհրաժեշտ գործիքները՝ թուղթ, գունավոր մատիտներ, կպչուն գունավոր թղթեր, մյուս պարագաների մեջ սովորոներն ազատ են….

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`իրականացվել է և դասասենյակում  և դպրոցի բակում:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ սովորողներին բաժանվում են A3 ֆորմատի թղթեր, որոնց վրա հորիզոնականների օգնությամբ նշված են լինում տեղանքի ռելիեֆը: Երեխաներն  իրենց ցանկությամբ ընտրում են  մասնագիտություններ (երկրաբան, օդերևութաբան, լանդշաֆտագետ, ճարտարապետ, բնապահպան և այլն) և սկսում են աշխատել տարածքի վրա:

Աշխատանքի արդյունքների ամփոփում՝ սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքը, և պատասխանում հետևյալ հարցերին.

  1. Ի˚նչ կփոխեիք նախապայմանների մեջ:
  2. Ի˚նչն էր բարդ:
  3. Ի˚նչ սովորեցիք այս աշխատանքի ընթացքում:

Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում: Ես դեռ ազդանշան չեմ տվել:

    Յուրաքանչյուր առակ ունի իր հերոսները, գաղափարը և ենթատեքստը: Ըստ իս, այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր գերագնահատում են իրենց դերն ու նշանակությունն այս կյանքում՝ հատկապես գլոբալ երևույթներում: Իսկ դրանց բնական ընթացքը չի կարող փոխել հասարակ մահկանացուն:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

   Այստեղ կարծում եմ խոսքը շատ տարածված մի երևույթի մասին է, երբ որակ կազմող փոքրամասնությունը միշտ հալածվում է անգետ ու մեծամիտ մեծամասնության կողմից: Եվ ցավոք սրտի ոչ միշտ է այդ պայքարն ավարտվում  «որակի» հաղթանակով:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում «Արժանապատիվ կոճղ»։

  Կոճղը միշտ ստանում է ամենածանր հարվածները, և ունենալով ծանր կորուստներ շարունակում է պայքարել կյանքի համար:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

    Կյանքը հավերժական պայքար է… և այդ պայքարում մարդիկ, ովքեր խորամանկորեն են գործում, աշխարհին նայում են  «աղվեսի աչքերով»: Դասակարգում մարդկանց և սկսում օգտագործել նրանց ինչպես մարիոնետների (եթե իհարկե դա իրենց հաջողվում է):

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

   Աշխատանքի բաժանման դասական մոդել է, երբ ղեկավարող փոքրամասնությունը  իշխում, աշխատեցնում է  մեծամասնության ու վայելուն նրանց աշխատանքի արդյունքը:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

   Խոսքը վերաբերվում է թեթևամիտ մարդկանց, որոնք ապրում են միայն տվյալ օրվա համար և նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի վաղը: Նրանք չեն կարող ընկալել այն մարդկանց վարքը, ովքեր մտածում են վաղվա օրվա մասին՝ համարելով նրանց հետամնաց, փակ հայացքների տեր անձնավորություններ:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

   Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ունեն  «ավանակի համառություն» , ունակ չեն լսելու և  հասկանալու դիմացինին, անկախ այն բանից, թե ինչ է նա ասում:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

  Ծիածանը կարում է, որ միայն ինքն է կարող խորասուզվել օդում՝ համարելով դա յուրահատուկ տաղանդ:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

   Մարդիկ պետք է ընդունեն, որ կյանքն ունի  իր գեղեցիկ ու լավ կողմերը, և ամեն ինչ հավերժական շարժման մեջ է՝  անկախ իրենց հետ տեղի ունեցող դեպքերից: Պետք է ընդունել հարմարվել շրջապատի հետ, և սեփական դժվարությունները չտարածել բոլորի վրա:

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

  Այստեղ խոսքը գնում է ժամանակի արժեքի մասին,երբ մահն անխուսափելի է, բայց չհանձնվելն էլ ժամանակի պահանջ:

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։       

    Կարծում եմ խոսքը ինքնախաբեության մասին է, երբ տեղում կանգնած մարդիկ ամենաշատն են խոսում առաջ գնալու, ինքնակրթության, զարգացմա մասին:

Հարևան

   Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

  Խոսքը գնում է մեծություններին չհասկանալու ու չգնահատելու մասին:Նրանց կատարած աշխատանքի արժեքը հասու չէ բոլորին, հետևաբար այլ բան չի մնում, քան բամբասելը:

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

   Այստեղ խոսվում է սեփական շահը միշտ առաջի տեղում դնելու մասին: Չափազանց հեշտ է սեփական խնդիրնեը ուրիշներին վերագրելը:

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Արտաքին  հաշտ ու համերաշխ քողի տակ  ինչեր ասես չկան թաքնված:

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

    Ազգերի ասիմիլյացիան, միշտ էլ բռնությամբ ու դաժանությամբ է իրականացվել, ու երբ պիտի մարդիկ հասկանան, որ դրա մեջ ոչ մի լավ բան չկա: Մարդն ազատ է իր ընտրության մեջ:

  Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

    Սահմանափակ մտածողության տեր մարդիկ իրենց կաղապարում են սեփական նեղ աշխարհայացքով՝ ցանկության նշույլ անգամ չունենալով ընդլայնել այն:

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

    Քննադատների համար սեփական եսից բացի ոչինչ գոյություն չունի: Դիմացինի ցանկացած որակ թերություն է թվում:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Մտածողության սահմանափակությունը  կործանարար է:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Յուրաքանչյուր մարդ դատում է իր մտահորիզոնի լայնությամբ:

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

   Միօրյա երևույթները պատմությունից դասեր քաղելու պնդիր չունեն: Գալիս ու գնում են որևէ հետք չթողնելով:

Մուտք կրթահամալիր. օր երրորդ

Ճամբարային օրերը մեկը մյուսից վառ ու տպավորիչ են: Զարմանալի է, ինչպե˚ս կարելի է լիովին հանգստանալ անքուն գիշերվանից հետո, և օրվա ավարտին հոգնածություն բոլորովին չգալ… Կավի հրաշագործ ազդեցության մասին շատ էի լսել, բայց երբեք չէի պատկերացնի, թե ինչպես է փոխվում մարդու ողջ էներգետիկ դաշտը, զգացողությունները, տրամադրությունը: Հրաշալի է երբ ամեն օր բացահայտում ես մի նոր բան, ապրում մի օր, որի նմանը դեռ չես ունեցել: Կիթահամալիրն իր կառուցվածքով և գործունեությամբ չի դադարում զարմացնել: Անհամբերությամբ սպասում եմ…